Այնուամենայնիվ, հարկ եմ համարում անդրադառնալ Գերմանիայի կանցլերի մայիսի 6-ի ընտրություններին:
Երեկ Բեռլինում տեղի են ունեցել դրամատիկ իրադարձություններ, որոնք ավելորդ անգամ ի ցույց են դնում, այսպես կոչված, արևմտյան լիբերալ համակարգի ճգնաժամը:
Պատմական ձախողում. այսպես է գերմանական մամուլը բնութագրում այն, ինչ տեղի ունեցավ
մայիսի 6-ին՝ նորընտիր Բունդեսթագի առաջին նիստի ընթացքում։
Կոալիցիոն պայմանագրի կնքումից 24 ժամ չանցած, քրիստոնյա-դեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների կողմից դաշնային կանցլերի պաշտոնում առաջադրված Ֆրիդրիխ Մերցը չկարողացավ բավարար թվով քվեներ ստանալ կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվելու համար։
1949 թվականից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստեղծումից ի վեր երկրում նման բան տեղի չէր ունեցել։
Իհարկե, Մերցը երկրորդ փորձով ընտրվեց կանցլեր, բայց սա, մեծ հաշվով, իրավիճակը չի փոխում:
Գերմանիայի մեյնստրիմի նկատմամբ հասարակության անվստահությունը գնալով ահագնանում է: Պատահական չէ, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունն այս պահին հիմնական ընդդիմադիր խմբակցությունն է Գերմանիայի խորհրդարանում:
Ի դեպ, Գերմանիայի գլոբալիստական մեյնստրիմը առայժմ դեղատոմս չունի քաղաքական համակարգային ճգնաժամը հաղթահարելու համար և գնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության գործունեությունը սահմանափակելու ճանապարհով, ինչն ակնհայտորեն լարում է առաջացնում Վաշինգտոնի և Բեռլինի հարաբերություններում:
Գերմանիան հայտնվել է ներարևմտյան քաղաքական և քաղաքակրթական հակադրության կիզակետում:
Ինչ վերաբերում է Մերցի կաբինետին, այն, թերևս, երկարաժամկետ չի լինելու՝ քաղաքական լեգիտիմության թույլ պաշարով:
Նախկին ոչ պոպուլյար կանցլեր Շոլցի պաշտոնավարումից գերմանացիների միայն 26%-ն է գոհ, սակայն ավելի խոսուն է այն, որ ընտրողների միայն 29%-ն է կարծում, թե Մերցը կարող է բեկել իրավիճակը:
Եվ սա նոր կաբինետի ձևավորման արշալույսին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ